Երևանի եւ Բաքվի միջեւ բանակցություններն ակտիվորեն ընթանում են, սակայն դեռ շատ չլուծված հարցեր կան, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններում։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր հանդիպումները, օրակարգային բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բավականին ինտենսիվ են, որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշ հարցերում կան որոշակի հեռանկարներ, որտեղ կողմերը կարող են փոխհամաձայնության գալ»,- նշել է նա։ «Բայց, իհարկե, մնում են խնդրահարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները տարբեր են»։ «Մենք կառուցողական ենք, բանակցում ենք բոլոր հարթակներում, բոլոր ուղղություններով»,- ընդգծել է Միրզոյանը, «Ցավոք սրտի, իրավիճակը տեղում, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակումը և ԼՂ շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը»։
Միրզոյանը հավելել է, որ ներկայում Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է ։ «Իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետին։ Իրավիճակը լրջանում է ժամ առ ժամ։ Լեռնային Ղարաբաղը սննդամթերք կամ դեղորայք չի ստանում։ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է։ Եվ եթե մենք չկարողանանք լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բացի հումանիտար աղետից, այս գործընթացը կունենա իր բացասական հետևանքը երկրի վրա։



