Պետք է փաստել, որ Ադրբեջանի իշխանությունները միշտ նախապես ազդարարում են իրենց գործողությունների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները տարածքային հավակնությունների մասին։
«Այլ հարց է, որ Ադրբեջանի իշխանությունները, ելնելով իրենց շահերից, ըստ իրենց հարմարության են մեկնաբանում իրենց ղեկավարի խոսքերը։ Կա Բաքվի հստակ պահանջը, որը մտցվել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների օրակարգում, եւ դա հետեւյալ մոտեցումն է. ինչի կարող ենք հասնել խաղաղ ճանապարհով՝ կհասնենք խաղաղ ճանապարհով, ինչի չենք կարող հասնել խաղաղ ճանապարհով՝ կստանանք ռազմական ճանապարհով։ Սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցությունների հիմքում, նոր չէ, ամեն ինչ ընթանում է այդ տրամաբանությունից ելնելով։ Այնպես որ, Ալիեւի հայտարարությունը ոչ մի նոր բան չի բերել։ Այսպիսով, գործընթացը ենթադրում է կամ նոր տարածքային զիջումներ Հայաստանի կողմից, կամ Բաքվի նոր ռազմական արկածախնդրություն»,- նշել է պատգամավորը։



