Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ - գնդապետ Քերիմ Վելիեւը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ ռազմական կոմիտեի հանդիպմանը՝ գլխավոր շտաբների պետերի ձեւաչափով։ Ինչպես հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը, ելույթ ունենալով ՆԱՏՕ անդամ երկրների եւ գործընկերների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ հանդիպմանը՝ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը խոսել է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության զարգացման հեռանկարների, «Վճռական աջակցություն» առաքելության գործունեության եւ այլ գործողությունների, ինչպես նաեւ ՆԱՏՕ տարբեր զորավարժություններում եւ միջոցառումներում ադրբեջանական բանակի ձեռք բերած փորձի մասին։ Ընդգծելով Ադրբեջանի շարունակական ներդրումը ինչպես Եվրատլանտյան տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ գեներալ-գնդապետ Վելիեւը նշել է, որ Ադրբեջանը մտադիր է էապես ամրապնդել իր ներդրումը միջազգային խաղաղության եւ անվտանգության մեջ՝ որպես իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը լիովին վերականգնած գործընկեր։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ գլխավոր շտաբի պետի եւ հանդիպմանը մասնակցող մի շարք գործընկերների միջեւ։