Ադրբեջանի այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հ...

Հայաստանը չի պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, սակայն, ասաց, թե Հայաստանն ընդունում է ու շահագրգռված է Հայաստանի տարածքով ճանապարհների բացմամբ ու ապաշրջափակմամբ։

Վարչապետի խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը կենտրոնանում է Զինված ուժերի ու բանակի բարեփոխումների թեմայի վրա, այդ ժամանակ Ադրբեջանը սադրանք է իրականացնում։

Նա ասաց, թե 44-օրյա պատերազմում Հայաստանը ծանր կորուստներ է ունեցել, բայց չի կոտրվել։

«Այն ժամանակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շատ նեգատիվ լույսի ներքո ներկայացվեց, այնպես չէր, որ մենք երջանիկ էինք կամ երջանիկ ենք, բայց այդ հայտարարության մեջ կա 3+1 կարևոր ինստիտուցիոնալ արձանագրում։ Առաջինը Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է այն պայմաններում, երբ Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», - ասաց Փաշինյանը։

Շեղվելով թեմայից՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի տնտեսական հաջողություներից։

«Շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան», - ասաց նա։