Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատում է. Բաքուն չի պատրաս...

Նախօրեին Մոլդովայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հնգակողմ հանդիպման արդյունքներով մի քանի հայտարարություններ են արվել:

Ամփոփելով նիստը՝ Շառլ Միշելը հայտարարել է, որ «քննարկել են իրավունքների եւ անվտանգության հարցերը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության համաձայնագիրը»։ «Մենք շատ լավ հանդիպում ունեցանք, հնարավորություն ունեցանք անդրադառնալ բոլոր այն թեմաներին, որոնք քննարկվել էին մայիսին Բրյուսելում։ Այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում: Դա նշանակում է, որ մենք ջանքեր ենք գործադրում եւ մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին»,-ասել է Միշելը։

«Մենք ոգեւորված ենք խաղաղ համաձայնագրի շուրջ կողմերի միջեւ բանակցություններում շարունակվող ներգրավվածությամբ եւ առաջընթացով, ներառյալ Քիշնեւում առաջնորդների այսօրվա հանդիպումը։ Առաջընթացի համար անհրաժեշտ է բաց երկխոսություն, ներառյալ տեսակետների ամբողջական ըմբռնումը: Մենք շարունակելու ենք խրախուսել երկխոսությունը եւ աջակցել կողմերին կայուն եւ արժանապատիվ խաղաղության հասնելու իրենց աշխատանքում»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան:

Ելիսեյան պալատը նաեւ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ "Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեւակերպված իրենց պարտավորությունները՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սահմանները պահպանելու վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը։ Եվրոպական առաջնորդները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հետ կապված։ Նրանք նաեւ կարեւորել են Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Կողմերը կարեւորել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ներդրումը:

Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու եւ խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի շարունակման կարեւորությունը՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության։

Եթե առաջին երկուսի հետ Բաքվում համաձայն են, ապա երրորդը բողոքի ալիք է բարձրացրել Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ «հանդիպման մասին հայտարարությունը, որը Ֆրանսիայի նախագահը միակողմանի է արել, չի արտացոլում եւ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման վարքագծի առաջին դեպքը չէ, եւ դա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացում, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության գործում»։

Ինչպես կարելի է հեշտությամբ համոզվել՝ համեմատելով Միշելի եւ Մակրոնի խոսքերը, տարբերությունը թշնամական հռետորաբանության անթույլատրելիության հիշատակումն է։ Բաքվում միանգամայն ճիշտ են հասկացել, որ նկատի ունեն հենց Ադրբեջանը, ավելի կոնկրետ՝ հանդիպման նախօրեին այդ երկրի նախագահի կողմից հնչեցրած բոլոր տեսանկյուններից հայտարարություններն ու սպառնալիքները։ Քանի որ Բաքվում համաձայն չեն Մակրոնի հետ, հետեւաբար, մտադիր են շարունակել ագրեսիվ հռետորաբանությունը եւ չեն էլ թաքցնում դա։