Ադրբեջանցիների գործողությունները վկայում են,...

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ` ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները սկսվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո։

Որպես փաստ՝ Թաթոյանը հրապարակեց լուսանկարներ Հայաստանի օկուպացված տարածքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած շինարարական, ամրացման  աշխատանքներից:

Թաթոյանն ընդգծեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ–ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։

«Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ–ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ` կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,– նշեց Թաթոյանը։