Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի բոլորիս հայտնի հատվածներում փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռեւս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետեւյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրը հետեւյալն է.
Առաջին՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն մաքսիմալն անել ռազմական կամ պատերազմական բախման որեւէ սցենար բացառելու համար եւ երկրորդ, հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա:
Փաշինյանը հվելեց, որ այս առումով ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել եւ արվում. «Դրա կարեւոր վկայություններից է նաեւ այն, որ այսօր կառավարության նիստում ԱԳ նախարարի տեղը թափուր է, որովհետեւ ԱԳՆ մեր գործընկերները հենց այս պահին օպերաիվ զբաղվում են այդ աշխատանքով: Պետք է արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ:Ընդ որում ոչ միայն ԱԳՆ-ի գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլեւ ՊՆ-ն նույնպես, փոխվարչապետները նույնպես:
Այդ աշխատանքը համարում եմ հաջողված, որովհետեւ միջազգային մեր գործընկերների եւ Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են: Այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա: