Ադրբեջանական կողմը Խրամորթի հարակից տարածքում...

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը․

Արցախի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ փետրվարի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 84 հաղորդում։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտ քաղաքի վարչության, ինչպես նաև շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված գողության 4 դեպք:

Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, որից 15-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական։  

Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից տարածքում շարունակել է փետրարի 16-ից սկսած սադրանքները։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։ Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները գյուղի տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն և վերահսկել օպերատիվ իրավիճակը: Իսկ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները բանակցություններ են վարել ադրբեջանական կողմի հետ: Կիրակի կեսօրից հետո՝ Ադրբեջանը դադարեցրել է սադրանքները:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը:

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները Հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն: