Սեպտեմբերի 13–ին սկսված ադրբեջանական ագեսիայի ընթացքում հրետակոծության հետեւանքով վնասվել է Սիսիանի Աղիտու բնակավայրի գազատարը, որն անցնում է Նորավան գյուղի տարածքով։ Տեղեկությունը NEWS.am–ին հայտնեց Նորավանի նախկին վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։
Սլավիկ Պապյանի խոսքով՝ երեկ երեկոյից Նորավանի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, այս պահին էլ գյուղում իրավիճակը հանգիստ է։
Սիսիան խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն էլ հայտնեց, որ գազատարն արդեն վերանորոգվել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի, Կապանի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաեւ ԱԹՍ-ներ»: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 15–ին, կեսգիշերն անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն։ Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Սեպտեմբերի 14–ին, ժամը 17։00–ի դրությամբ, հայկական կողմը հաստատված 105 զոհ ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։
Հիշեցնենք նաեւ՝ ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով երեկ՝ սեպտեմբերի 14–ին, Նորավան համայնքում խաղաղ բնակիչ էր զոհվել։ Առողջապահության նախարարությունից այսօր հայտնել են, որ քաղաքացիական բնակչության շրջանում 7 վիրավոր ենք ունեցել, որոնցից 4–ը շարունակում են ստացիոնար բուժում։



