Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 12 դպրոցում...

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի 12 դպրոցում դեռևս դասապրոցես չի իրականացվում, այսինքն՝ 1245 աշակերտ զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այս մասին ասաց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«Երեք բնակավայրում ավերվել են տներ, թիրախավորվել են դպրոցները, մանկապարտեզները և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: 148 բնակարան վնասվել է Սոթքում, 12 բնակարան վնասվել է Կութում և 2 բնակարան՝ Վերին Շորժայում: Սոթքում 7 տուն ամբողջությամբ ավերված է և նորը կառուցելու խնդիր ունենք: Մնացածի մասով կարիքներն ամբողջությամբ գնահատված են, առաջիկա օրերին բնակիչներին կլինեն փոխանցումները, որ սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները»,-ասաց մարզպետը:

Այդ օրերին ռմբակոծությունների հետևանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցները, նաև Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր դպրոցներն ամբողջությամբ չեն աշխատել, այսինքն՝ դասապրոցես չի իրականացվել: 7072 աշակերտ չի հաճախել դպրոցներ, 897 երեխաներ չեն հաճախել մանկապարտեզներ և նախակրթարաններ:

«Այս պահի դրությամբ 12 դպրոցներում ևս դասապրոցեսներ չեն իրականացվում՝ նկատի ունենալով անվտանգության խնդիրները: 1245 աշակերտ չի հաճախում դպրոց»,-ասաց Սարգսյանը: