Աբու Դաբիում Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բ...

Աբու Դաբիում Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Այն նախատեսված է հաջորդ շաբաթ, բայց ես այս պահին չեմ կարող ասել ճշգրիտ ամսաթիվը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով իրավիճակի մասին հարցին։

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Աբու Դաբիում բանակցություններն անցկացվել են երկու օր՝ հունվարի 23-ին և 24-ին։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ բանակցությունները լավ են անցել, կողմերը քննարկել են բոլոր վիճելի հարցերը։ Լրատվամիջոցը նաև հայտնել էր, որ Աբու Դաբիում հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին։

Աբու Դաբիում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Պեսկովը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում փորձագիտական ​​մակարդակով։ Նա հավելել է, որ սխալ կլինի «բարձր արդյունքներ ակնկալել առաջին շփումներից»։