ԱԱԾ ծառայողները ատեստավորում անցնելու դեպքում...

 Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ատեստավորում կանցնեն ու հավելավճար կստանան:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Նախագծի նպատակը ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստության պատշաճ մակարդակի ապահովումը:

ԱԱԾ տնօրենի տեղակալի հավաստմամբ, նախագծով մասնավորապես առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: Այդ պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի 3 տարին մեկ անգամ:

Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա: Ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարի չափերն ու վճարման կարգը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ ատեստավորման ենթակա ծառայողների պաշտոնների շրջանակը՝ ԱԱԾ տնօրենի հրամանով:

Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում հավելավճար հաշվարկելու դեպքում չեն վճարվելու օրենքով սահմանված մյուս հավելումները: