Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ-ի օկուպացված տարածքներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Ազգային անվտանգության ծառայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ։
ԱԱԾ տնօրենը նշել է, որ այժմ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց և այն շարունակական է լինելու։
«Վերջերս սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց Հայաստանում Ազգային ժողովի կողմից, իսկ Ադրբեջանում՝ նախագահի կողմից։ Եվ այդ գործընթացը, կարծում եմ, լինելու է շարունակական»,- ասել է Աբազյան։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանազատման գործընթացի արդյունքում կվերականգնվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքները՝ Աբազյանը պատասխանել է․«Կարծում եմ՝ այո»։