911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քա...

Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։ «Նախատեսվել է hանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից արագ սպասարկմամբ։ Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։

Շարունակելու ենք ջանքեր գործադրել պարեկային ծառայության՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդելի զարգացման երկրորդ փուլի ուղղությամբ։ Ապահովելու է նոյեմբերի 1-ից իրենց գործունեությունը Երևանում և մարզերում մեկնարկած քրեական և համայնքային ոստիկանությունների ինստիտուցիոնալ կայացվածությունը»,- ասաց նա:

Ղազարյանը ընդգծեց, որ այս նախագծով  կարևորում է նաև այն, որ ռազմավարությունը շոշափում է նաև հանցավորության կանխարգելման թեման՝ նախատեսելով հանցավորության կանխարգելման համալիր գործողությունների ծրագրի մշակում։ «Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ ոստիկանության գվարդիան։

Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների, ՁՊՎ-ների տեսահսկման միասնական համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետության բարձրացում։

Այս  բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին»,- ասաց Վահե Ղազարյանը: