Կարո Եղնուկյանը իր բազմանդամ ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան 2009 թվականին: Նպատակ է ունեցել ներդրումներ անել ընտանեկան բիզնեսի մեջ փոքր հյուրատների ցանց ստեղծելու համար և նպատակի համար ձեռք է բերել անշարժ գույք Հայաստանի տարբեր վայրերում:
2012 թվականի դեկտեմբերին Կարո Եղնուկյանի ընտանիքը 650 հազար դոլարով գնել է եռահարկ մի շենք Սայաթ Նովա փողոցում ռադիոտանը կից, որը նախկինում ծառայել է որպես արագ սննդի կետ: «Շենքը, բացի նրանից, որ էժանագին և անորակ շինություն է, չի համապատասխանում ռադիոտան ճարտրարպատությանը և նրա կես բարձրությանն է:» Եղնուկյանը ի սկզբանե նպատակ է ունեցել հավելյալ ներդրումնեըի միջոցով (ձեռքբերման արժեքից ավելի գումար), քանդել այդ շենքը և դրա փոխարեն կառուցել նորը որպես 9-12 սենյականոց հյուրատուն, որը բարձրությամբ և ճարտարապետորեն համահունչ կլիներ ռադիոտան շենքի և շրջակայքի հետ:
Սակայն` նախկին իշխանությունների քաղաքական դրդապատճառներով ուղղորդված և կոռուպցիոն գործողությունների հետևանքով Եղնուկյանին այդպես էլ չի հաջողվել իրականացնել իր ներդրումային ծրագիրը:
«2013-ի հունվարին շենքը գնելուց հետո ճարտարապետի միջոցով նոր շինության նախագիծը ներկայացրել եմ քաղաքապետարան: Նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը շատ էր հավանել նախագիծը` ասելով, որ վերջապես ռադիոտան այդ հատվածը կունենա այն տեսքը ինչը որ պետք է ունենար և բնականաբար հաստատում է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, այլ կերպ ասած` «ԱՊԶ» թույտվությունը»։
Մինչ ԱՊԶ-ն ստանալը և շինարարությունը սկսելը, Եղնուկյանը ժամանակավորապես և անհատույց տրամադրում է շենքի 1-ին հարկը Պարույր Հայրիկյանի 2013 թ-ի նախագահական ընտրությունների նախընտրական շտաբին, իսկ 2-րդ և 3-րդ հարկերը տրամադրում է Նախախորհրդարան շարժմանը:
Եղնուկյանին բանավոր փոխանցում են ճարտարապետի միջոցով, որ ԱՊԶ ստանալու համար «կամավոր պարտադիր» հիմունքով Երևան հիմնադրամին պետք է փոխանցվի 30 հազար դոլար: Հասկանալով, որ այս հիմնադրամ կոչված ֆոնդին «նվիրատվություն» անելը «օրինականացված» կաշառք է և սկզբունքորեն դեմ լինելով որևէ կոռուպցիոն գործարքի մաս կազմելուն, նա մերժում է վճարել այդ գումարը, պատճառաբանելով գումարի չափի անտրամաբանական լինելը․
«Ի զարմանս ինձ, իրենց առաջարկը մերժելուց հետո, նորից ճարտարապետիս միջոցով բանավոր առաջարկ եմ ստացել վճարել 2/3-ով «զեղչված» գումար` 10 հազար դոլար: Ես կրկին մերժեցի այդ գումարը վճարել, բայց այս անգամ առանց պատճառաբանության»։
Եղնուկյանի ենթադրությամբ, ով այդ շրջանում գտնվել է ԱՄՆ-ում, Տարոն Մարգարյանի գլխավորած քաղաքապետարանը և իր կոռուպցիոն շրջանակը` տեսնելով, որ ինքը չի ենթարկվում նրանց «օրինական» կաշառք վճարելու պահանջին, որոշել են որևէ ձևով պարտադրել նրան վճարել այդ գումարը` կիռարելով տարբեր ճնշման մեթոդներ․
«Կողքի շենքում գտնվող ատելյեի սեփականատեր Աշոտը, (ով իրեն ներկայացնում էր որպես «Սերժի դերձակը»), նույն շենքի 4 այլ բնակիչների հետ կազմակերպում է և հավաքական մի դիմում-բողոք են գրում քաղաքապետարանին` նշելով, որ իրենք դեմ են 9 սենյականոց հյուրատան կառուցմանը և պահանջում են ԱՊԶ-ի չեղարկումը, սակայն չեն նշում որևէ հիմնավորված պատճառ»։
Հետագայում պարզվում է, որ այդ 4 բնակիչներից մեկը քաղաքապետարանի աշխատակից է և նրա հանցավոր մասնակցությամբ էր քաղաքապետարանից տեղի ունեցել անօրինական տեղեկատվական արտահոսքը, քանի որ իրենց ձեռքում էր հայտնվել Եղնուկյանի նախագիծը, որը միայն քաղաքապետարանին էր տրամադրվել և ԱՊԶ-ի պատճենը, որը նույնիսկ Եղնուկյանը չուներ:
Քաղաքապետարանը մերժում է դիմումը նշելով, որ նախատեսվելիք շինարարությունը օրինական է և քաղաքապետարանը աչալուրջ կլինի, որ շինարարության ընթացքում ամեն ինչ կատարվի ԱՊԶ-ի թույլատրելի սահմաններում: Բողոքող հարևանները մերժումը ստանալուց հետո 2րդ բողոքն են ուղարկում, բայց այս անգամ արդեն դիմում են Սերժ Սարգսյանի նախագահական գրասենյակ, նույնաբովանդակ դիմումով` պահանջելով թույլ չտալ շինարարություն իրականացնել: Նախագահականը այն ըստ կարգի ուղարկում է քաղաքապետարան, որը նորից 2րդ անգամ մերժում է հարևանների բողոքը նույնատիպ պատասխանով:
«Չհամակերպվելով 2րդ մերժման հետ, հարևաններ կոչեցյալները հավանական է խորհուրդ են ստանում «Սերժի դերձակի» շրջապատից և 3րդ անգամ բողոք են գրում նախագահականին «հիմնավորելով» իրենց պահանջը կից ներկայացված հետևյալ փաստաթղթերով`
1.քաղաքապետարանին ներկայացված իմ շինարարության նախագիծը
2.հաստատված բայց ինձ չտրամադրված ԱՊԶ-ն
3.ԱԻՆ-ի կողմից տրամադրված մի նամակ ի պատասխան «Սերժի դերձակի» հարցման թե ինչքան պետք է լինի տարածությունը իմ և իր շենքերի միջև: ԱԻՆը նշում է, որ տարածությունը պետք է լինի 6 մետր, բայց տվյալ դեպքում դա ավելի քիչ է, սակայն «մոռանում է» նշել, որ իմ շենքը գտնվում է իր օրինական սահմաններում, բայց «Սերժի դերձակի» շենքը դուրս է եկել իր սահմաններից անօրինական ինքնակամ երկաթյա աստիճանավանդակի կառուցման պատճառով, որն իսկ պատճառ է հանդիսացել երկու շենքերի միջև ճանապարի նեղացմանը:
4.այս բողոքում նաև նշվում է, որ շինարարության դեպքում ռադիոտան 2 պատուհանները կփակվեն, սակայն ռադիոտան կողմից որևէ բողոք կամ հակադրություն չի եղել և չի ներկայացվել:»
Այս 3րդ բողոքին ի պատասխան քաղաքապետարանը գրավոր տեղեկացրել է Եղնուկյանին, որ ԱՊԶ-ն կասեցվել է բողոքի մեջ նշված պատճառներով և «խորհուրդ է» տվել, որ հարևանների հետ համաձայնության գա կասեցումը վերացնելու համար: «Ժողովրդական լեզվով ասած քաղաղապետարանը առաջարկում է հարևանների հետ «լեզու գտնել», այլ կերպ ասած` մտնել կոռուպցիոն գործարքների մեջ` գումար տալ, վախեցնել, ճնշել, ևայլն որպեսզի նրանք իրենց բողոքը հետ վերցնեն:
Փաստորեն ԱԻՆ-ի նշած տարածության հարցը և ռադիոտան պատուհանների խնդիրը ոչ մի նշանակություն չունի, կարևորն այն է, որ ես լեզու գտնեմ «Սերժի դերձակի» հետ: Ճարտարապետիս միջոցով փոխանցեցի, որ ես նման կոռուպցիոն քայլերի չեմ գնա և գրավոր դիմումով պահանջեցի, որ ինձ տրամադրեն իմ հաստատված ԱՊԶ-ն: Պապատասխանել են` այն արխիվում է և կասեցված լինելու պատճառով տրամադրել չեն կարող: Այդ պատասխանից հետո քաղաքապետարնին դատի տվեցի պահանջելով ինձ տրամադրել հաստատված ԱՊԶ-ն»։
Շինարարության թույտվությունը արհեստականորեն ձգձգվելու պատճառով որի վերջը անտեսանելի էր, Եղնուկյանը որոշում է շարունակել շենքը անհատույց տրամադրել Նախախորհրդարանի իրավահաջորդին` Հիմնադիր Խորհրդարանին և արդեն 6 տարի է այդ վիճակում է, քանի որ նախատեսված շինարարությունը այդպես էլ անիրագործելի մնաց․
«Հեղափոխությունից հետո, բայց դեռ Տարոն Մարգարյանի օրոք, նորից ներկայացրեցի նույն նախագիծը քաղաքապետարանին առանց իրենց հուշելու, որ մեկ անգամ արդեն 5 տարի առաջ ԱՊԶ-ն հաստատվել է, բայց հետո անօրինական կերպով կասեցվել, նպատակ ունենալով փորձելու քաղաքապետարանի հետևողականությունը: Նախագիծը շատ արագ մերժվեց մեկ պատճառաբանությամբ` ռադիոտան 2 պատուհանների փակման հետ կապված, բայց նորից առանց ներկայացնելու ռադիոտան դիրքորոշումը»։
Քաղաքային նոր իշխանությունների ընտրությունից հետո Եղնուկյանը նոր նախագծով չի դիմել քաղաքապետարանին հույս ունենալով, որ 6 տարվա դատական գործընթացը առաջխաղացում կունենա: Այս տարիների ընթացքում առաջին ատյանը որոշում է կայացրել Եղնուկյանի դեմ, վերաքննիչը բեկանել է որոշումը և ետ ուղարկել առաջին ատյան, բայց հեղափոխուտյունից ի վեր առաջին ատյանի դատարանը տարբեր տեխնիկական պատճառներով հետաձգում է նիստերը: «Կարծում եմ` եթե դատարանը նիստերը մինչև վերջ անցկացնի, պետք է որ բացահայտի կոռուպցիոն սխեմանները, և իրենք պարտավորվելու են խոսել դրա մասին: Բայց տեսնելով որ դատական համակարգը դեռ հին Հայաստանում է գտնվում և կարծես թե նպատակ չունեն արդարությունը վերականգնելու, որոշեցի անցյալ ամիս դիմումով դիմել անձամբ քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին որպեսզի նրանք վերանայեն նախկին հանցավոր ռեժիմի օրոք քաղաքապետարանի կատարած կոռուպցիոն գործողությունները և շտկեն իրավիճակը: Ես ներկա քաղաքային իշխանություններին որևիցե բանում չեմ մեղադրում, բայց ակնկալում եմ, որ իրենք պետք է անդրադառնան այս հարցին և լուծում գտնեն, լինի դա դատարանում կամ ներքին կարգով քաղաքակապետարանում:»
Կարո Եղնուկյանը նույնիսկ Սերժ Սարգսյանի նախագահականից պահանջել է իրեն տրամադրել հարևանների բողոքի հետ կցված իր ԱՊԶ-ն, սակայն նախագահականը նրան մերժել է ասելով, որ 3-րդ անձին չեն կարող տրամադրել մեկ այլ անձի կողմից տրամադրված փաստաթղթերը: Սա այն դեպքում, երբ այդ ԱՊԶ-ն հենց իրենն է, հետևաբար նա չէր կարող համարվել 3րդ անձ այդ փաստաթղթի նկատմամբ․
«Այս ամբողջ կռիվը քաղաքապետարանի հետ շատ պարզ և հասարակ հարցի շուրջ է` ֆիզիկապես ստանալ հաստատված ԱՊԶ-ն: Ամեն մարդ ունի այդ ԱՊԶ-ն բացի դրա իսկական հասցեատերը: Նոր իշխանությունները ժառանգել են նախորդի կատարած ապօրինությունները, և հիմա ես չուզելով ու ստիպված գնալու եմ դատարան քաղաքային նոր իշխանությունների դեմ, ովքեր իհարկե կարող են դատական գործը կասեցնել և ինձ տրամադրել իմ ԱՊԶ-ն: Սակայն նրանք էլ ընկել են այս դատական ձգձգման խաղի մեջ»:
Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



