Ընդդիմադիր պահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը հաղթել է Չիլիի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին են վկայում այն արդյունքները, որոնք հրապարակել է երկրի ընտրական ծառայությունն ընտրատեղամասերի 83,43%-ից ստացված ձայների հաշվարկից հետո:
Կաստի օգտին է քվեարկել ընտրողների 58,61%-ը: Նրա մրցակիցը՝ Ժանետ Խարան, որը ներկայացնում է կառավարող «Միասնություն Չիլիի համար» ձախակենտրոն կոալիցիան, ստացել է 41,39%: Նա արդեն ընդունել է պարտությունը և շնորհավորել Կաստին հաղթանակի առթիվ:
Կաստը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության միջամտության կրճատման և հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցների օգտին: Նա խոստանում է իջեցնել կորպորացիաների շահույթի հարկերի դրույքաչափը, կրճատել պետական ծախսերը և արգելափակոցներ կառուցել Բոլիվիայի հետ սահմանին:
Կաստը կդառնա Չիլիի նախագահի պաշտոնում առաջին ծայրահեղ պահպանողական քաղաքական գործիչը՝ գեներալ Աուգուստո Պինոչետի զինվորական վարչակարգի ժամանակներից ի վեր։
Չիլիի ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի 2026 թվականի մարտի 11-ին՝ չորս տարի ժամկետով:



