5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս 4 երեխա ստացան վիրավորումներ:
Նույն օրը ադրբեջանական զինվորները Թալիշ գյուղում ատելության շարժառիթով իրենց իսկ տան մեջ խոշտանգել, ականջները կտրել ու հետո սպանել էին տարեց ամուսիններ Վալերիկ Խալափյանին և Ռամզելա Վարդանյանին: Դաժանաբար սպանվել էր նաև Վալերիկ Խալափյանի 92-ամյա մայրը՝ Մարուսյա Խալափյանը, իսկ նրանց տունն ամբողջությամբ ավերվել էր:
Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները գլխատել էին Քյարամ Սլոյանին, վերցրել նրա գլուխը, նկարվել և ցուցադրել սոցիալական ցանցերում՝ հպարտանալով իրենց կատարածի համար:
Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:
Նկարագրված դեպքերը ադրբեջանական բազմաթիվ խոշտանգումների ու դաժանությունների թվում ընդամենը մի քանիսն են:
Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:
Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:
Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ, որոնց ականատեսը եղանք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում:
ՀՀ ՄԻՊ
Արման Թաթոյան