7or.am-ը գրում է.
Հայաստանում վխտում են 5-րդ շարասյան ներկայացուցիչները: Դրանք այն մարդիկ են, ովքեր հանդես են գալիս տարբեր կարգավիճակներով, բայց նույն բանն են ասում: Ամեն մեկն իր դիրքերից: Ու բոլորը սպասարկում են մեր թշնամիների շահերը:
Մեկը հանդես է գալիս որպես քաղաքական գործիչ, մյուսը՝ պաշտոնյա, երրորդը՝ բնապահպան, չորրորդը՝ մարդու իրավունքների պաշտպան, հինգերորդը՝ քաղակտիվիստ, վեցերորդը՝ ...
Բոլորը վճարվում են: Դրսից:
Եթե փորձենք «ֆոտոռոբոտ» ստանալ թշնամու շահերը սպասարկողներից, ապա կունենանք հետևյալ հավաքական պատկերը: 5-րդ շարասյան ներկայացուցիչը շատ հաճախ է օգտագործում «ինքնիշխանություն» բառը, բայց հենց քերում ես, տակից դուրս է գալիս Արցախն Ադրբեջանին հանձնողը, Թուրքիային ծառայողը, Ցեղասպանությունն ուրացողը:
Սրանք ինքնիշխանությունը հասկանում են որպես հակառուսականություն, իրականում՝ թուրքամետություն:
Բերենք կոնկրետ օրինակ: Կային, այսպես կոչված, Ամուլսարի պաշտպաններ: Իբր պայքարում էին բնության համար, բայց իրենց բուն նպատակը Հայաստանի տնտեսությանը վնասելն էր: Որպեսի Հայաստանի բյուջեն չմեծանա, նոր հարկեր չհավաքվեն, բանակը չզինվի, զինվորն ավելի ապահով չդառնա: Առաջին հայացքից թվում էր, թե հանուն մաքուր բնության և Ջերմուկի համար էին պայքարում, հանուն մեր սարերի ու լեռների են պայքարում, բայց դա միայն առաջին հայացքից:
Սրանք՝ մայրամախոտերը, կանաչով պատվածները, լևոնգալստյանները, ՔՈ անվան տակ գործող օտարահպատակները և այլք, շուրջօրյա ռեժիմով կանգնած էին Ամուլսար տանող ճանապարհի վրա, բայց երբ ադրբեջանցիները մտան Ջերմուկ, ծպտունները չլսվեց: Միանգամից ծլկեցին դեպքի վայրից ու հայտնվեցին ... Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց ու պահանջեցին այդ բազայի վերացում: Դե որպեսզի թուրքերը գան: Այսինքն՝ սրանք «օկ» են, որ ադրբեջանցիները գրավեն մեր հողերն ու շահագործեն հանքերը, բայց «օկ» չեն, երբ Հայաստանում են հանքեր շահագործվում ու տնտեսական զարգացմանը նպաստում:
Հայաստանում հանքերի աշխատքների դեմ բողոքողների մեծ մասը «բնապահպան» է: Սրանք «կանաչի» դիմաց Հայաստանի դեմ են աշխատում:
Պատահական չէ, որ հիմա էլ աշխատում են բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են Տավուշում միակողմանի զիջումներին: Թիրախավորել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, էժանագին բաներ են գրում քայլերթի մասին: Պատվիրատուն կրկին նույնն է՝ Թուրքիան: Ճիշտ է, իրենք իրենց ներկայացնում են որպես արևմտամետներ, բայց բոլորն էլ թուրքական բաղնիքում են անցել իրենց պայքարիստական մկրտությունն ու լծվել Հայաստանը ներսից քանդելու գործին:
Ամփոփենք. 5-րդ շարասյան ներկայացուցիչը թուրքամետ է, արցախատյաց, մոլի հակառուս, հանքերի «վկա», ՀՀ տնտեսության թշնամի ու բացի այդ նաև՝ կատարյալ անգրագետ: Սրանք ներսից են քայքայում պետությունը, ընդ որում՝ թշնամուց էլ ավելի մեծ էնտուզիազմով: Թշնամին դրանից հետո է գործի անցնում: