
Ժամկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Լրագրողի հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է նման գնահատական տվել զեկույցին, Քոչարյանը պատասխանեց.
«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Դե, հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբաններ են: Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետներ, բայց երբ որ վերցնում ես առողջ, իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր: Հիմա զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն՝ ո՞նց, այդ զեկույցը մեռա՞վ: Չէ որ այդ զեկույցի հիմքում նպատակ է դրված եղել լուծել այդ խնդիրը, այսինքն՝ վերհանել բոլոր այն խնդիրները, որոնց առկայության պարագայում մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն»,-նշեց նա:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զեկույցն առաջին հերթին տալիս է այն հարցերի պատասխաննեը, որում շատերը մեղադրում էին իշխանություններին: Նա հավելեց, որ իշխանությանը մեղադրել, թե դեմ է զեկույցը ներկայացնելուն՝ ոչ: Կա իրավական խնդիր, որի հարցի հետ կապված կա իրավական վեճ: