Արզումանյան 10 շենքի բնակիչներն ահազանգում են. շենքը 4-րդ կարգի վթարային է, փլուզման հավանականությունը` մեծ: Քաղաքապետարանին դիմել են, կառուցապատողը, քաղաքապետարանի հետ համաձայնության գալով, առաջարկել է քանդել ամբողջ շենքը, բնակիչներին վարձակալության գումար տալ, իսկ մոտ 2 տարի շենքը կառուցելուց հետո այն վերադարձնել տերերին: Այնուհանդերձ բնակիչների մի մասը տարբեր պատճառներով դեմ է արտահայտվել.
«Կառուցապատողի կողմից ասվածը պայամանգրով ճիշտ չներկայացվեց: Հանդիպում կազմակերպվեց, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ է ներառվելու պայմանագրում, սակայն քանի որ այն մեր ձեռքում չէր բնակիչների մի մասին դա վստահություն չներշնչեց: Բնակիչներից ոմանք էլ խոչընդոտ հանդիսացան, որ կառուցապատողը առհասարակ որևէ գործողություն իրականացնի:
Պատճառն այն էր, որ կամ շենքում բիզնես ունեն, կամ նշում են, թե իրենց բնակարանի համար գումար են ծախսել, կամ էլ չեն վստահում պետությանը»,- Politik.am-ին ասաց շենքի բնակիչ Զարուհի Առաքելյանը, ում բնակարանում վիճակն օր-օրի ավելի է բարդանում:
Հարցին, թե այդ դեպքում նույն վտանգը չի՞ սպառնում այդ բնակիչներին, մեր զրուցակիցը հայտնեց, որ վթարային են առաջին երկու մուտքերը, իսկ երրորդից սկսած փոքր ճաքեր են:
«Քաղաքապետարանից հայտնեցին, որ եթե ամբողջ շենքի բնակիչների հետ ընդհանուր հայտարարի չգան և չհամաձայնեն կառուցապատողի առաջարկած ծրագիրն իրականացնել, կդիմեն կառավարություն, որպեսզի հարակադիր կերպով տարհանեն մարդկանց, քանի որ 13 ընտանիք վտանգի տակ է: Սակայն հստակ չէր, թե արդյո՞ք կառավարությունը հարկադիրով հանելու համաձայնություն կտա:
Մեզ առաջարկվեցին այլ բնակարան տեղափոխվել մի քանի ամսով մոտ 50-70 հազար դրամի վարձակալությամբ, սակայն չհամայանեցինք, քանի որ միայն որոշ ժամանակ ամբողջ գույքով տեղափոխվելը խնդրին լուծում չէր տա, ավելին` հարց էր, թե հետո ի՞նչ պետք է անեինք: Պատասխանեցինք, որ ավելի նպատակապարմար ենք համարում սպասել հարկադիրով տարհանելուն, քանի որ ոչ թե ժամանակավոր վարձակալությամբ բնակվելն ենք կարևորում, այլ մշտական վերաբնակեցումը»,- ասում է Առաքելյանը:
Բնակիչը հայտնում է` ոչ մի լուծում չկա, մինչդեռ իրենք կյանքի համար են պայքարում: Դռների և պատուհանների մի մասը չի բացվում, դեֆորմացվել են, ամենուր առաջացող ճաքերի ձայնից դուրս են վազում` մտածելով, թե հիմա շենքը փլվելու է:
Այս առիթով Politik.am-ը խոսեց նաև Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով ամիսներ առաջ անձամբ էր այցելել շենք: Ավագանու անդամը ևս փաստեց շենքի անմխիթար վիճակը` առաստաղն ու պատերը առանձնանում են իրարից, հատակին ճաքեր են առաջանում: Նաև հաշվի առնելով շենքի հիմքը` փլուզման վտանգը շատ մեծ է:
«Կարծում եմ` այս պարագայում քաղաքապետարանը ոչ թե պետք է հույսը մասնավոր կառուցապատողի վրա դնի, այլ ինքնուրույն քայլեր ձեռնարկի: Թեև մենք առաջարկել են հաշվառել բոլոր 3-րդ կարգի վթարային շենքերը, սակայն այդ շենքը հրատապության մեծ աստիճան ունի: Օր առաջ պետք է տարհանում իրականացնել և վերաբնակեցման խնդիրը լուծել»,- ասում է Խաժակյանը:
Կից տեղադրում ենք նաև շենքի բնակիչների ուղերձը` վարաչապետ Նիկոլ Փաշինյանին:



