4-րդ դասարանի ավարտին այլևս գիտելիք չի ստուգվ...

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ յուրաքանչյուր տարվա համար առաջարկվում է ավարտական քննությունները համապատասխանեցնել գնահատման նոր համակարգին, չափորոշչի տրամաբանությանը, կրթական քաղաքականությանը․ հայտնում ե ԿԳՄՍՆ-ից։

Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ գնահատումն իրականացվելու է բնութագրման միջոցով, և միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից է սովորողը միավորային գնահատական ստանալու, ուստի կրթական 1-ին աստիճանի գիտելիքի ստուգումը համապատասխանեցվել է այդ տրամաբանությանը։ Նոր չափորոշչի կարևոր բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որի ներդրման արդյունավետությունը սովորողների մոտ առավել կդրսևորվի հատկապես բնագիտական ուղղությունների ավարտական քննությունների ընթացքում։ 

Ըստ այդմ՝ 2023-2024 ուստարում Տավուշի մարզի, իսկ հաջորդող տարիներին՝ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում, նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ, իրականացվելու է փոփոխություն կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների գործընթացում, մասնավորապես՝ 4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա, որը որպես սովորողի գիտելիքի վերջնարդյունք՝ կհամարվի ատեստավորում: