Արցախահայության վերադարձի իրավունքն ու ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հարցը չի կարելի դիտարկել նույն հարթության մեջ։ Այս միտքը Մեղրիում մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Բաքվի այն պահանջներին, որոնցով վերջինս ցանկանում է 300 հազար ադրբեջանցու բնակեցնել Հայաստանում։
«Վարչապետը հավաստիացնում է, թե նման ծրագիր հնարավոր չէ, թե նման ծրագիր չկա։ Սակայն Ադրբեջանի նախագահն ու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները անդադար խոսում են դրա մասին, իսկ նախագահի աշխատակազմը ֆինանսավորում է համապատասխան հասարակական կազմակերպությանը, այսինքն՝ սա պետական քաղաքականություն է։ Եթե այսպես շարունակվի, չեմ կասկածում, որ բանը դրան հասնի»,- նշել է Քոչարյանը։ Նա հավելել է նաև, որ Փաշինյանը փորձում է լռեցնել արցախցիների վերադարձի իրավունքի մասին խոսակցությունները՝ պնդելով, թե դա ադրբեջանական կողմին առիթ է տալիս բարձրացնելու իրենց վերաբնակեցման թեման։
Քաղաքական գործչի խոսքով՝ այդ տարիների վիճակագրության համաձայն՝ Խորհրդային Հայաստանում ապրել է մոտ 160 հազար ադրբեջանցի և ոչ երբեք՝ 300 հազար։ Նրանց ճնշող մեծամասնությունը հեռացել է Ադրբեջան՝ փոխանակելով բնակարանները, և այսօր կան բազմաթիվ գյուղեր, որոնք այն ժամանակ ընդգրկված են եղել փոխանակման այդ ծրագրում։ Ուստի չի կարելի նույն հարթության վրա դնել երկու տարբեր իրավիճակներ։
«Չի կարելի այս թեմայի մասին խոսել ադրբեջանական տերմինաբանությամբ։ Դա հակասում է քո իսկ երկրի շահերին։ Ամոթ է։ Վտանգ կա, որ եթե Փաշինյանը մնա իշխանության, ի վերջո կհասնի դրան և կսկսվի ադրբեջանցիների վերադարձի ծրագիրը»,- նշել է քաղաքական գործիչը։



