29 ազգային ծրագիր ընթացքի մեջ է. ընդհանուր ար...

2024-ը Հայաստանի համար աննախադեպ կարևորություն ունեցող տարի է միջազգային համագործակցության  ոլորտում. Հայաստանը Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող կենսաբազմազանության կողմերի 16-րդ համաժողովին ընտրվեց կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովն հյուրընկալող երկիր: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Սա բավականին խոշոր բնապահպանական միջոցառում է: Արդեն կազմակերպչական կոմիտե է ստեղծվել, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը: Կոլումբիայում ընթացող համաժողովին պատվիրակությանը ղեկավարել է Հանրապետության նախագահը և պատվիրակությունը բավականին արդյունավետ աշխատանք է իրականացրել:

Բացի այդ, իմ և Համբարձում Մաթևոսյանի ղեկավարած պատվիրակությունը մասնակցեց Սաուդյան Արաբիայում ընթացող անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի համաժողովին: Նախարարությունը միջազգային հարթակներում բնապահպանական շատ ակտիվ է եղել 2024-ին և նաև ակտիվ է եղել միջազգային ծրագրերի շրջանակում»,-ասաց Սիմիդյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա ընթացքում է շուրջ 29 ազգային ծրագիր, որոնց դրամաշնորհային բաղադրիչը ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 100 միլիոն դոլար: «Մենք նաև հինգ տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրերի ենք մասնակցում, 2024 թվականին 11 նախագծային հայտ ունենք Կանաչ կլիմայի հիմնադրամին և հարմարվողականության հիմնադրամին, և եթե այդ հայտերը բավարարվեն, մենք կունենանք ևս շուրջ 45 միլիոն ԱՄՆ դոլարի հաստատված ծրագրեր:

Նաև ասեմ, որ 2024-ին մեկնարկել է KFW բանկի կողմից ֆինանսավորվող 26 միլիոնանոց ծրագիրը, որը հենց կենսաբազմազանությանն է վերաբերում:

Անդրադառնալով էկոպարեկային ծառայությանը, նախարարը նշեց, որ ծառայության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից. «Մենք արդեն անցել ենք էկոպարեկային ծառայության մարզային վարչությունների հիմնման աշխատանքներին։ Ասեմ, որ 24 թվականին մշակվել է կլիմայի մասին նոր օրենքը, որը նախարարությունը մոտ օրերս կշրջանառի:

Քրեական օրենսգրքում ենք լրացումներ արել և քրեական պատասխանատվություն ենք սահմանել 500 հազար վնասը գերազանցող օրինախախտների դեպքում, որոնք լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերը կվերաբացեն, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկյա ջրային ռեսուրսները կօգտագործեն և առանց ջրօգտագործման թույլտվության հորատում կիրականացնեն»,- ընդգծեց Սիմիդյանը՝ հավելելով, որ նաև երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման արգելքը։