ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ իրականացրել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումն արձանագրելու գործողություն։
Այդ ընթացքում մի տղամարդ քարը ձեռքին մայթից վազելով մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և, պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի։
Նշված անձը, սակայն, բռնվել է պարեկային ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալելու որոշում։
Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։
Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա նետված քարը։
Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։
Ձեռք բերված բավարար հիմքերի առկայությամբ նշված անձին, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ներկայացվել է մեղադրանք, ինչում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է՝ արձանագրելով, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ, որի ընտրության հարցը պետք է լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։
Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է: