
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 38 և 49 տարեկան երկու տղամարդ: Նրանք հունիսի 5-ին հենց Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են բաժին: 49-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: