«2027 թվականից զբաղվածություն ունեցող ոչ մի մ...

2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները և էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները։

Շահառուների շրջանակի ընդլայնման մանրամասները նոյեմբերի 26-ի Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվանից համակարգի շահառու կդառնան նաև բոլոր անհատ ձեռնարկատերերը։

«Անհատ ձեռնարկատերերի մասով էլ, եթե այս տարի տարեկան 2 միլիոն 400 հազարից բարձր շրջանառություն ունեցող անձինք էին մտնում, նույն տրամաբանությամբ հաջորդ տարվանից արդեն բոլորն են դառնում շահառու։ Եվ, այո, մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները։ Շահառու կդառնան նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցողները»,– նշել է Ավանեսյանը։

Նա հավելել է, որ ապահովագրված անձինք հնարավորություն կունենան կամավոր ձևաչափով ապահովագրելու նաև իրենց հետ փոխկապակցված անձանց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ընդլայնումը՝ ընդգծելով գրանցված զբաղվածություն ունեցող քաղաքացիների ընդգրկումը։

«Կարծում եմ՝ շատ լավ նորություն է։ Այսինքն՝ աշխատող, զբաղված, ըստ էության, ոչ մի մարդ, որի զբաղվածությունը թափանցիկ և տեսանելի է պետության համար, առողջության ապահովագրությունից դուրս չի մնում»,– ասել է վարչապետը։