2027 թվականին նախատեսվում է ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման շահառուների շրջանակը՝ ներառելով մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց։ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ փոխհատուցում ստացողների թիվը նախատեսվում է գրեթե կրկնապատկել՝ շուրջ 5,5 հազարից հասցնելով մոտ 11 հազարի։
«Փորձելու ենք ավելի շատ մարդկանց Խնայբանկում ներդրված ավանդները վերադարձնել։ Հիմա մենք վերադարձնում ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները և նախատեսում ենք միանգամից երկու տարով կրկին առաջ գնալ և 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները վերադարձնել»,- ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ «Ավանդների և այլ փոխհատուցումների» ծրագրի համար բյուջեի նախագծով նախատեսվել է մոտ 2,1 միլիարդ դրամ՝ 2026 թվականի հաստատված ցուցանիշից շուրջ 1,1 միլիարդ դրամով ավելի։



