2026 թվականին աշխատելու նպատակով ավելի քան 42...

2026 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի է մեկնել Ռուսաստան՝ աշխատանքի նպատակով։ Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ գործակալությունը։

Այսպիսով, 2026 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում աշխատանքի նպատակով ՌԴ է մուտք գործել Հայաստանի 42 366 քաղաքացի։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 45 526 մարդ։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է մեկնել Հայաստանի 112 հազար 741 քաղաքացի (2025-ի 125 143-ի դիմաց)։ Նրանցից գրեթե 50 699-ը մեկնել է անձնական այցով, 3,2 հազարը որպես նպատակ նշել է ուսումը, 1568-ը՝ զբոսաշրջությունը, իսկ 1308-ը՝ գործնական նպատակները։ Բացի այդ, 12 հազար 289 քաղաքացի ՌԴ է մուտք գործել որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1311-ը երկիրը օգտագործել է որպես տարանցիկ գոտի։

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան են մեկնել առավելապես օդային ճանապարհով (69761 մարդ) և ավտոմեքենաներով (39857 մարդ)։ Ոտքով սահմանը հատել է ՀՀ 3054 քաղաքացի, իսկ գնացքից օգտվել է ընդամենը 68 հոգի։

Վերջին շրջանում Երևանը հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրվելու իր որդեգրած կուրսի մասին։ Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՄ-ին ինտեգրվելն ինքնաբերաբար կհանգեցնի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցմանը և դրանից բխող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանն օգտվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ողջ ընթացքում։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և հույս ունի համատեղել կառույցին անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ինտեգրումն այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։