2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ:
Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու: Տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու ծավալներով ամենաշատ ՏԻՄ ընտրությունները: Մեր 70 համայնքներից 46-ում 2026 թվականի աշնանն ունենալու ենք ընտրություններ, այսինքն՝ համայնքների 65 տոկոսում»,-ասաց Հովակիմյանը:
Ընտրություններով պայմանավորված՝ ԿԸՀ-ին 2026-ին բյուջեից կհատկացվի մեծ գումար՝ շուրջ 7 մլրդ 568 մլն դրամ:
«7.5 մլրդ-ից 485 մլն դրամը ԿԸՀ-ի պահպանման ծախսերն են: ՏԻՄ ընտրությունների համար հատկացվելու է 2.5 մլրդ դրամ, ԱԺ-ի ընտրությունների համար՝ շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ»,-նշեց ԿԸՀ նախագահը:
2021-ին ՏԻՄ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1.7 մլրդ դրամ, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ 2.8 մլրդ դրամ: «2021-ին տեղամասերից ուղիղ հեռարձակման ծախսն արել է Կառավարությունը: Դա կազմել է 1.1 մլրդ դրամի կարգի: Պահուստային ֆոնդից կառավարությունն ինքն է այդ ծախսն իրականացրել»,-ասաց Հովակիմյանը:
Նա 2026-ի համար ծախսի աճը պայմանավորեց նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի բարձրացմամբ։



