2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները...

Քաղաքացիները 2026 թ. ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների։ Հայտնում են Կենտրոնական բանկից։ 

«2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ 

2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Ներկայումս 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, և շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ և 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները (Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու իմապատկերներով), իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով) շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից»,– նշված է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։

 Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

  • 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
  • 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
  • 1999, 2003, 2009, 2012  թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
  • 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
  • 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)

Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում: