2025թ․-ին 2024-ի համեմատ 2,5 անգամ ավելի աղ ո...

Վերջին 10 տարիների ընթացքում, 2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը միանշանակ ազդել է փոսերի գոյացման վրա: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ պատճառաբանելով, որ դա է եղել փոսերի առաջացման հիմնական պատճառը:

«2025թ․-ին 2024-ի համեմատ 2,5 անգամ ավելի աղ ու ավազով մշակում է եղել՝ պայմանավորված առատ ձնով։

Այն փողոցներում, որտեղ 2024-25 թթ․ իրականացրել ենք միջին նորոգում և փոսալցման աշխատանքներ, գրեթե չկան փոսեր, չնայած նույն քանակի աղ ու ավազ լցվել է: Դա պայմանավորված է նրանով, որ որքան թարմ է միջին նորոգումն ու փոսալցումը՝ այդքան փոսերը քիչ են, կամ էլ ընդհանրապես չկան: Նախորդ տարի փոսալցում ենք իրականացրել Էրեբունի փողոցում, Վաղարշյան փողոցում, Գայի պողոտայում, ինքներդ շրջեք ու կտեսնեք, որ այդ հատվածներում չկան որևէ խնդիրներ»,-նշել է նա:

Անդրադառնալով լրագրողի հարցին, որ Տիգրան Ավինյանի տան մոտ փոսեր չկան՝ Փամբուխչյանը նշեց, որ առանց տարբերակելու, թե ում տան դիմացն է, աշխատանքներ կատարվել են ու աղի մեքենան դրան չի նայել, տարբերությունը միայն այն է, թե երբ է արվել ու որքան թարմ է եղել տվյալ հատվածի փոսալցումը: