2025թ. բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է...

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով` 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով  խնդրահարույց է։

Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ–ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,-ասել է Ավանեսյանը։

Նախարարը նաև հայտարարել է, թե անտեղի խնդիրներ են հարուցվում. կատարողականների հիման վրա բուժհիմնարկներին ֆինանսական միջոցներ հատկացնելը միջինում 2-3 ամիս է տևում. «Մենք, այնուամենայնիվ, ֆինանսավորում ենք ծառայությունների դիմաց, բայց որոշակի ժամանակային խզում ենք ունենում»։ Ըստ նախարարի՝ բյուջեի հայտի մեջ որոշակիորեն խմբավորել են ծրագրերը։

Նրա խոսքով` իրենք շարունակաբար աշխատելու են, որ և վերականգնեն կորցրած բյուջեն, և հավելյալ գումարներ տրամադրեն առողջապահությանը։

Հիշեցնենք` ՀՀ Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից։