2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 6...

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահ է արձանագրվել:  

Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Դեպքերից մեկը՝ կայծակնահարություն, 1՝ հոսանքահարում, 2՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2՝ առողջական խնդիրների պատճառով: Բոլորը ժամկետային զինծառայողներ չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողներ են»,- ասաց Պապիկյանը:  

Նախարարը հավելեց՝ 2025 թվականի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներ, հիվանդություն և այլն: 

«2024 թվականի համեմատ՝ մահացության թվերը 2025 թվականին պակասել են 40 տոկոսով»,-նշեց Պաշտպանության նախարարը: 

Սուրեն Պապիկյանը հայտնել էր նաև, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման և դրա հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել: