2024-ին ոստիկանների նկատմամբ 45 քրեական վարու...

2024-ի ընթացքում ներքին անվտանգության և  հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմիններ ուղարկվել է ծառայողական քննությունների 51 նյութ, դրանցից 45-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք եղել են տարբեր դրվագներով:

Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ծառայողական քննություններից հետո քանի՞ ոստիկան է ազատվել պաշտոնից:

«Ծառայողական քննությունների և քրեական վարույթի ռեժիմները տարբեր ռեժիմներ են: Ծառայողական քննությունների շրջանակներում նախարարությունը շատ լայն գործիքակազմ չունի, հետևապես այն բոլոր դեպքերում, երբ մեզ մոտ մութ կամ չբացված կողմեր են մնում, այստեղ օբյեկտիվ ավելի լայն քննության հնարավորություն պետք է բացվի և մենք վարույթը տեղափոխում ենք քննչական մարմնի տիրույթ»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ երկու վարույթով էլ ծառայողական լիազորությունները կասեցնելու հնարավորություն կա: Մի դեպքում նախարարության վարչարարության տիրույթում է դա, որն այս դեպքում եղել է մեր ծառայողներից մեկի նկատմամբ: «Բայց կա ժամկետի սահմանափակում, երբ ժամկետը լրանում է նախարարության վարչությունը որքան էլ ուզենա ծառայողական լիազորությունների կասեցումը շարունակել, չի կարող, որովհետև մենք ունենք կասեցված ծառայողական քննություն»,- նշեց նա:

Հարցին էլ՝ հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ Գևորգ Մկրտչյանը և Արթուր Ղազարյանն ինչու չազատվեցին աշխատանքից և վերադարձվեցին իրենց պաշտոններին, պատգամավորին հայհոյելու համար, նախարարը նշեց, որ քրեական վարույթի շրջանակներում արդեն վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում տվյալ անձը պաշտոնին մնալով կարո՞ղ է խոչընդոտել քննության իրականացմանը, թե՝ ոչ:

«Կոնկերտ այս դրվագներով իմ ունեցած վերջին տեղեկատվություններով, քննչական մարմինը չի կիրառել պաշտոնական կասեցումը որպես հարկադրանքի միջոց, հետևապես մնում է գործի քննությանը հետամուտ լինել և հասկանալ՝ կոնկրետ դրվագով քննչական կոմիտեն ինչպիսի ռեակցիա պետք է տա»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ ոստիկանության կարգապահական կանոնագիրքն է ամբողջովին փոխվում, և ծառայողական քննությունների դրվագներով ևս փոփոխություններ են առաջարկում, որ այն ավելի արդյունավետ գործիք լինի նախարարության ձեռքին՝ որպես օբյեկտիվ քննություն ապահովող գործիքակազմերից մեկը: