2024-ին ՀՀ-ն ունի գրանցված հանցավորության թվի նվազում 1,1 տոկոսով: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ընթացիկ տարում շատ էր խոսվում հանցավորության աճի, տարբեր դրվագներով հանցավորության ավելի սուր դրսևորումների մասին: 2024 թվականին գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալների ամփոփումն արդեն իսկ թույլ է տալիս փաստել, որ ՀՀ-ն ունի գրանցված հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով: Սա նշանակում է, որ եղել է հետևողական աշխատանք»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ շատ հաճախ նաև սուր խոսույթ կար առ այն, որ քրեական ենթամշակույթի դրսևորումներն են ավելի խորացե՝լ հիմնականում տարբեր դրսևորումներով տարբեր հանցագործություններ են իրականացվում, բայց ի վերջո մենք նկատում ենք, որ շարունակում է ՀՀ-ն օրինաչափ կառուցվածք ունենալ հանցավորության տեսանկյունից:
«Այս առումով մեծ մասը՝ 81.4 տոկոսը, բաժին է ընկնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին: Այս ցուցանիշը նշանակում է, որ երկիրն առավել անվտանգ է որպես այդպիսին:
Ի տաբերություն նախորդ տարվա, 24-ին ունեցել ենք ավելի մեծ թվով ապօրինի զենք զինամթերք շրջանառությունից դուրս բերված: 10.7 տոկոսով աճել է ապօրինի շրջանառության միջից դուրս բերված զենք զինամթերքը: Սա նշանակում է, որ այդ զենքերը չեն կարող գործադրվել: Իհարկե, զենքի գործադրմամբ հանցագործությունները շարունակում են մեզ համար մտահոգիչ մնալ»,- ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով ՃՏՊ-ներին՝ նախարարը նշեց, որ էականորեն կրճատվել է ինչպես ՃՏՊ-ների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը:
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ՃՏՊ-ների 299-ով նվազում, զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ վիրավորներինը՝ 2,421-ով»,- նշեց նա: