2024-ին պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից...

2024-ին մշակույթի ոլորտում մի շատ կարեւոր նոր գործիք ներդրեցինք, որը միջազգային հեղինակավոր մրցույթներում ու փառատոններում մրցանակների արժանացած մշակույթի գործիչների ամսական դրամական խրախուսման ծրագիրն է: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«130-800 հազար դրամ ամսական դրամական խրախուսում է տրամադրվում: Շատ ուրախ եմ, որ ոլորտում ակտիվ շարժ է սկսվել»,-ասաց նա:

Նախարարը կարևորեց կինոյի ոլորտում «Կինոյի հիմնադրամի» ձեւավորումը, որը թույլ է տալիս որակապես նոր բնույթի եւ հաշվետվողականության, թափանցիկության դաշտում մրցակցության բարձրացման քաղաքականությունը լավարկել. «Պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինփառատոնների՝ շահելով 11 մրցանակ: Մենք այս տարի նախատեսում ենք էլ ավելի մեծ աշխուժություն, որովհետեւ մրցութային կարգերը ամբողջությամբ վերանայել ենք»,-ասաց նախարարը: