2023թ-ին նախատեսված ՀԱՊԿ չորս զորավարժություն...

Բելառուսում այս տարի կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երեք զորավարժություններ։ Այս մասին STV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է BelTA-ն։

«Այս տարի մենք պատիվ ունենք ղեկավարելու և նախագահելու կազմակերպությունը: Սա նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ նախագահությունը տեղի կունենա «Համերաշխությունից և համագործակցությունից մինչև խաղաղություն և անվտանգություն» կարգախոսի ներքո: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ. Նախագահի կողմից հայտարարվել է որպես Խաղաղության և արարման տարի, այն կառուցում է մեր ներքին և արտաքին քաղաքականության հստակ ուղեգիծը: Հետևաբար, մեզ համար սա կարևոր որոշում է և կարևոր դեր, որը մեր երկիրը խաղում է կազմակերպությունում»- ասել է Պավել Մուրավեյկոն՝ հավելելով, որ բելառուսական կողմն իր համար մի շարք առաջնահերթություններ է սահմանել։

Մասնավորապես, առաջնահերթությունների թվում են խաղաղության և հանգստության պահպանումը, տարբեր ճգնաժամային իրավիճակների տեղայնացումը և կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի ապակայունացման կանխումը։

«Երկրորդ կարևոր առաջնահերթությունը կազմակերպության հավաքական ուժերի զարգացումն է, սա կարևոր խնդիր է, այսօր կազմակերպությունն ունի որոշակի ռազմական ներուժ, որը պետք է զարգացնել, կատարելագործել, համատեղ գործունեություն ծավալել»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը հրաժարվել էր ընդունել հայկական հողում անցկացվող ավանդական «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունը՝ դա հիմնավորելով երկրում ստեղծված իրավիճակով։ Սակայն դեռ հայտնի չէ՝ հայկական ստորաբաժանումները կմասնակցե՞ն արդյոք ՀԱՊԿ այլ երկրների տարածքում զորավարժություններին։