2022թ. 1-ին եռամսյակում Տեսչական մարմինն իրականացրել է 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 1-ական ստուգում Երևանում, Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև 8 ոչ պլանային ստուգում, տեղեկացնում են գերատեսչությունից։
Ստուգումների արդյունքում կազմված որոշումներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ են անցկացվել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Արաքս, Ջրառատ և Ջրարբի բնակավայրերի վարչական տարածքներում, Արարատի մարզի Արարատ համայնքում, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Ամասիա, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքներում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Արաքս, Ջրառատ և Ջրարբի բնակավայրերի վարչական տարածքներում ստուգման արդյունքում հայտնաբերվել է 16, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում՝ 36 խախտում:
6 խախտում հայտնաբերվել է քննչական վարչության գրության հիման վրա ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում իրականացված ոչ պլանային ստուգումների արդյունքում:
2 խախտում հայտնաբերվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում քաղաքացու գրության հիման վրա իրականացված ոչ պլանային ստուգման արդյունքում:
1 խախտում հայտնաբերվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում իրականացված ոչ պլանային ստուգման արդյունքում:
Քննչական վարչության գրության հիման վրա ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2 և Ամասիա համայնքում՝ 1 ոչ պլանային ստուգում է արվել:
Արդյունքում Գյումրիում մեկ ստուգման ժամանակ խախտում չի հայտնաբերվել, իսկ 2-րդում և Ամասիայում հայտնաբերվել է 1-ական խախտում:
1 խախտում հայտնաբերվել է քաղաքացու գրության հիման վրա ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացված ոչ պլանային ստուգման արդյունքում:
31 խախտում (6-ը հողերի տրամադրման խախտում) հայտնաբերվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում տարեկան ծրագրով նախատեսված ստուգման արդյունքում:
Բոլոր խախտումները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն:



