Մի քանի քայլի իրականացման դեպքում 2020 թվականի պատերազմը կարելի էր հաղթել։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա բացատրեց, որ Սարսանգի ջրամբարի բացումը կհանգեցներ Մարտակերտում առաջնագծի անհետացմանը, սակայն նման հրաման չի ստացվել։
Բագրատյանը կարծում է, որ կենդանի ուժի կորուստները նվազեցնելու համար մարտական դիրքերում պետք է բունկերներ կառուցել։
«Յուրաքանչյուր զինվոր պետք է իր հետ ունենա 2-3 ոչ մեծ դրոն, որոնք նա կօգտագործի նախքան փոխհրաձգության մեջ մտնելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ ապահովել այս ամենը»,- հավելեց նա։
Նրա խոսքով, Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ արտադրելու եւ ռազմական գործողությունների ընթացքում դրանք օգտագործելու հնարավորություն։
«Հայաստանը պարկուճների արտադրության գործարան է կառուցել։ Ամբողջ աշխարհում ընդամենը 10-15 երկիր ունի նման հնարավորություն։ Ադրբեջանում նման գործարան չկա»,- ընդգծեց նախկին վարչապետը՝ կոչ անելով օգտագործել այդ ձեռնարկությունների հնարավորությունները։
«Նոյեմբերի 9-ի էջը շրջելու հնարավորություն ես չունեմ, բայց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը կարելի է վերադարձնել Հայաստանին»,- հավելեց քաղաքական գործիչը։



