
2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանահանձնման գործընթացի մասին հիմա հարցերը շատ են, իսկ պատասխաններ գրեթե չեն հնչում, բայց հնչած հարցերը հիմնականում այնքան ուժեղ փաստարկված են, որ լռությունը ամենաաղմկոտ պատասխան կարելի է համարել։
Այն որ 2018-ին հեղափոխություն տեղի չի ունեցել՝ հասկանում են բոլորը, բայց թե տեղի ունեցածը ինչ էր և գործող անձանցից, ով ինչպիսի դերակատարում է ունեցել՝ դեռ հստակեցման կարիք ունի։
Այս ընթացքում ամենաշատ հարցերը ուղղվել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ գործընթացի գլխին ինքն էր կանգնած՝ ի պաշտոնե։ Հենց երրորդ նախագահի լռությունն էլ նոր հարցերի ու պատասխանների առիթ է դառնում։ Թեմայի վերաբերյալ դեռ 5 տարի առաջ երրորդ նախագահը խոստացել էր մամուլի ասուլիսով հանդես գալ, բայց առ այսօր այդ խոստումը կատարված չէ։
2018 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության մաս կազմած ցանկացած գործչի հրապարակային խոսք առավել խորացնում են կասկածները, որոնք կապված են ուղիղ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունների հետ։
Օրերս հարցազրույցով էր հանդես եկել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար, Սերժ Սարգսյանի մտերիմ (գուցե արդեն նախկին) Միհրան Պողոսյանը՝ Բանանի Միհրանը, ով 2018-ին ՀՀԿ-ից Փաշինյանի օգտին քվեարկած պատգամավորներից մեկն է եղել։ Պողոսյանը անդրադառնալով իր քվեարկությանը ասել է․ «Ուրեմն կար քաղաքական որոշում, Հանրապետական կուսակցությունը ուներ քաղաքական որոշում և մի խումբ մարդիկ պետք է քվեարկեին, որ այդ մարդը դառնա վարչապետ։ Այդ մի խումբ մարդկանց մեջ կայի նաև ես։ Ես անձնապես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը խոսելուց հետո քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին»։
Փաստորեն երրորդ նախագահի թիմակիցը բացահայտել է շատ կարևոր դրվագ՝ Սերժ Սարգսյանն անձամբ է խոսել այն մարդկանց հետ, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին և նրանք հենց նրա հետ հանդիպումից հետո են որոշել գնալ այդ քայլին։
Իր պատասխանի շարունակության մեջ Պողոսյանը կարծես բացահայտել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նրանց մոտիվացրել քվեարկել Փաշինյանի օգտին․«Խնդիրը դրված էր հետևյալ կերպ։ Մենք պառլամենտական երկիր ենք ու պառլամենտը վերադաս մարմին է կառավարությանը։ Օրենքի ուժով մեկ տարի հետո վարչապետին կարող էր հայտնվել անվստահություն։ Ծրագիրը այդպես էր», եզրափակել է իր խոսքը Միհրան Պողոսյանը։
Այսինքն հաստատվում են նաև այն տեղեկությունները, որոնք մենք հրապարկել էինք, այն է՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է իր թիմին, որ կարճ ժամանակ անց հետ են վերցնելու իշխանությունը ու իրենք անհանգստանալու կարիք չունեն։ Այս տեղեկությունները հաստատում են նաև այլ ՀՀԿ-ականներ, իհարկե ոչ հրապարակային։ Այստեղ հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը ի՞նքն էլ է հավատացել իր պլանին, թե՞ այդ կերպ հանգստացրել է ՀՀԿ-ականներին, որպեսզի իշխանահանձնման գործընթացը սահուն գնա։
Սրանք հարցեր են, որոնք դեռ իրենց պատասխանը պետք է ստանան։
Հ․Գ․ Մնում է հասկանալ, թե ինչու հենց հիմա Միհրան Պողոսյանը որոշեց անկեղծանալ։ Արդյո՞ք եղել են պայմանավորվածություններ, որոնք իր մասով չեն պահվել ու հիմա ինքը թե Փաշինյանին, թե Սարգսյանին ուղերձ է հղում, որ եթե իր մասով պայմանավորվածությունները չվերականգնվեն, ապա ինքը կարող է խոսել, պատմել դրվագներ, որոնք հաստատ երկու կողմին էլ դուր չի գա։