Մենք տարեկան 1.4 մլրդ դոլարի գյուղմթերք ենք ներմուծում, որի մեծ մասը՝ մոտ 1 միլիարդ դոլարը մենք կարող ենք Հայաստանում արտադրել. դա մինչև 100,000 մարդու զբաղվածության հարց կարող է լուծել։ Այս մասին, այսօր՝ մարտի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ անհավանական է փոքր Հայաստանում ևս 300 հազար նոր աշխատատեղ ստեղծել։
«Արդյունաբերության մեջ մենք 3,5–4 միլիարդի ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտահանում ենք։ 2025 թվականին 2024 թվականի համեմատ մեկ միլիարդով հաշվեկշիռը վատացել է, 2024 թվականին Հայաստանը 4 միլիարդ ավելի շատ էր ներմուծում, 2025 թվականին՝ արդեն 5 միլիարդ։ Դա ցույց է տալիս, որ երկրի իրական տնտեսության վիճակը, ոչ թե վարկով վերցրած տնտեսության, վատանում է»,–ասաց նա։
Անդրադառնալով գյուղացիների խնդիրներին, «Ուժեղ Հայաստանի» անդամն ասաց. «Գյուղացիների համար առաջինը ջրի խնդիրն է, Հայաստանում շատ գյուղեր, շատ ցանկատարածություններ, այգիներ ունեն ջրի խնդիր, ոռոգման համակարգի խնդիր։ Չնայած Հայաստանը ջրառատ երկիր է, մենք 5 միլիարդ քմ ջուր ունենք տարին, ու մեծ կորուստով օգտագործում ենք։
Երկրորդը վարկերի խնդիրն է, մարդիկ սեզոնի սկզբին վարկ են վերցնում և չգիտեն տարվա վերջ ինչ գնով են վաճառելու բերքը։ Արարատյան դաշտում մենք ում հետ հանդիպում ենք, բոլորը ասում են, որ վարկերը երկու տարի լավ է գնում, երրորդ տարի խնդիր են ունենում, ամբողջ կյանքը վարկերի տակ են մնում։
Երրորդ խնդիրը գյուղտեխնիկայի խնդիրն է: Հայաստանը փոքր երկիր է, գյուղտեխնիկա ապահովել ամեն շրջանում հեշտ բան է։ Ժամանակին դա եղել է ու դա բերել է նրան, որ մի տեխնիկայի պարկը կարող է սպասարկել մի ամբողջ շրջան»։
Նարեկ Կարապետյանը նշեց, որ մթերման կայանը տալիս է տարվա սկզբին օրինակ պարարտանյութեր, որպեսզի մարդ վարկ չվերցնի, բացի այդ, ապահովում է կայունություն գյուղացու համար, որ նա այդ գնով կարող է վաճառել իր ապրանքը. «Դա վարկունակության վրա բավական ազդեցություն է թողնում։ Բանկերը ավելի քիչ տոկոսով կկարողանան ֆինանսավորեն, այն պատճառով, որ իրենց համար դա կլինի կայուն ու բնականից կանխատեսելի գործընկեր։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ գյուղացու համար գինը տարվա սկզբից պարզ լինի, գյուղատնտեսական վարկերի տոկոսների վերանայման հնարավորություն կունենանք։
Ոռոգման համակարգը երկրում ունի բարեփոխման կարիք։ Մթերման կայանները անելուց հետո, երկրորդ քայլը պետք է լինի ոռոգման համակարգի և գյուղտեխնիկայի պարկերի ստեղծումը բոլոր շրջաններում։
Վարկերի առումով մթերման կայանը ամենալավ գործիքն է, տալիս է կայունություն, վարկերի տոկոսի ցածր լինելը, քանի որ բանկը իմանում է, թե ինչ գնով է նա բերքը վաճառելու, և երկրորդը նաև պարարտանյութեր, հնարավոր է նաև դիզել տա, որի դիմաց կստանա մթերք»,– ասաց նա։



