15 մլն աշխատավարձ, 8 անշարժ գույք, 100 հազարա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանի հայտարարագիրը թվերի առումով ուշագրավ պատկեր է բացում․ համեմատաբար միջին պետական աշխատավարձի դիմաց՝ խոշոր կանխիկ միջոցներ, բազմաբնակարան գույք և տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսական հոսքեր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Եսայանի կենսագրությունն ու հայտարարագիրը․ նա փոխնախարար է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ գլխավոր քարտուղարից մինչև վարչության պետ։ Մոտ երեք տասնամյակ՝ ֆինանսաբյուջետային համակարգում։ Այսինքն՝ ողջ կյանքում եղել է պետական համակարգի ներկայացուցիչ։

Ութ անշարժ գույք՝ տարբեր մարզերում և Երևանում

Հայտարարագրում ներկայացված է 8 միավոր անշարժ գույք՝
• Ավտոտնակ՝ Երևան (2014, «այլ» եղանակով)
• Անհատական տուն՝ Արարատի մարզ, Ազատավան (2012, գնում)
• Բնակարան՝ Երևան (2004, գնում)
• Անավարտ շինություն՝ Կոտայքի մարզ, Քասախ (2022, գնում)
• Հողամաս՝ Երևան (2014, գնում)
• Ավտոկայանատեղի՝ Երևան (2021, գնում)
• Բնակարան՝ Երևան (2021, գնում)
• Բաժնային սեփականությամբ բնակարան՝ ¼ բաժին, Երևան (2012, ժառանգություն)

Գույքի մի մասը համատեղ է, մեկը՝ բաժնային, ավտոտնակը՝ միանձնյա։

Երկու ավտոմեքենա

Փոխնախարարը հայտարարագրել է՝
• LEXUS (2014 թ., ձեռք բերված՝ 2018-ին)
• SUZUKI (2017 թ., ձեռք բերված նույն տարում)

 

60 հազար դոլարի պարտատոմսեր՝ զրոյացված

Հայտարարագրում նշված է բաժնեմաս «ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում՝ 5,000 դրամ արժեքով։

Միաժամանակ տարվա սկզբին առկա է եղել 60,000 ԱՄՆ դոլարի պարտատոմս (ARMBROL OJSC), սակայն տարեվերջին դրանց արժեքը դարձել է 0։ Չի հստակեցվում՝ դրանք վաճառվե՞լ են, մարվե՞լ, թե այլ կերպ օտարվել, և որտեղ է արտացոլված ստացված գումարը։

50 մլն դրամ փոխառություն՝ սեփական ընկերությանը

«ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին տարվա սկզբին տրամադրված է եղել 50 մլն դրամ փոխառություն։ Տարվա ընթացքում վերադարձվել է 48 մլն դրամ, տարեվերջին մնացել է 2 մլն դրամ։

Բացի այդ, հայտարարագրված է 60,000 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ։

Ամենաուշագրավը՝ կանխիկ միջոցները

Տարեվերջին հայտարարագրված է՝
• 50 մլն դրամ կանխիկ
• 140,000 ԱՄՆ դոլար կանխիկ
• 45,000 եվրո կանխիկ (պատկանում է երրորդ անձի, սակայն գտնվում է իր տնօրինության կամ օգտին)

Այսինքն՝ միայն դոլարային կանխիկը մոտենում է 140 հազարին, իսկ եվրոյով ևս զգալի գումար կա՝ բանկային համակարգից դուրս։

Եկամուտ և ծախս
2024 թվականին աշխատավարձը ՀՀ ֆինանսների նախարարությունից կազմել է 15,107,512 դրամ։

Միևնույն ժամանակ՝
• Հիպոտեկային վարկի մնացորդ՝ 26,4 մլն դրամ
• Տարվա ընթացքում վարկի մարում՝ 3,655,000 դրամ
• Անշարժ գույքի վերանորոգում՝ 18,000,000 դրամ

Թվային հակադրություններ
Թվերը համադրելով՝ առաջանում են մի քանի առանցքային հարցեր․

Եկամուտ-ծախս բալանս
15 մլն դրամ տարեկան աշխատավարձի պայմաններում իրականացվել է 18 մլն դրամ վերանորոգում, կատարվել են վարկային մարումներ և միաժամանակ պահպանվել են խոշոր կանխիկ միջոցներ։

Կանխիկի ծավալներ
50 մլն դրամ և 140 հազար դոլար կանխիկ պահելը՝ բանկերից դուրս, պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում անխուսափելիորեն առաջացնում է միջոցների ծագման և հարկային թափանցիկության հարց։

Պարտատոմսերի «անհետացում»
60 հազար դոլարի պարտատոմսերի զրոյացումը պահանջում է բացատրություն․ որտե՞ղ է դրանց իրացումից ստացված գումարը։

Շահերի բախման ռիսկ
Պաշտոնատար անձի կողմից սեփական ընկերությանը 50 մլն դրամ փոխառություն տրամադրելը և միաժամանակ բաժնեմաս ունենալը կարող է դիտվել որպես շահերի բախման պոտենցիալ ռիսկ։

Երրորդ անձի կանխիկ միջոցներ
45 հազար եվրոյի տնօրինումը, որի սեփականատերը այլ անձ է, լրացուցիչ հարցեր է առաջացնում վերահսկողության և հաշվետվողականության տեսանկյունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: