10 տարվա կտրվածքով այսօր գոյություն ունեցող բ...

Կառավարությունը 1,4 մլրդ դրամի վերաբաշխման մասին որոշման նախագիծ է ընդունել, որի շրջանակում նախատեսվում է հատկացումներ անել 2 դպրոցների կառուցումը 2026 թվականին ավարտելու համար: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նաև մեկնարկում են կառուցման աշխատանքներ 1 մանկապարտեզում, իրականացվում են որոշ դպրոցների անհրաժեշտ նախագծային աշխատանքներ»,- ասաց նախարարը:

Գումարի վերաբաշխման շրջանակում կմեկնակեն նաև 27 դպրոցների նորոգման աշխատանքներ, ևս 22 դպրոցների, որոնց նորոգումն ընթացքի մեջ է, լրացուցիչ միջոցներ կհատկացվի ընթացիկ աշխատանքների համար:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ մեկնարկում էին 300 դպրոցի կառուցման աշխատանքները, պարզվեց, որ ՀՀ բոլոր դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքները նորացնելու կարիք կա: Բոլոր շենքերի գույքագրման արդյունքում որոշվեց, թե որտեղ պետք չէ ներդրում անել վերականգնման համար, այլ պետք է նոր շենք կառուցել:

«10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն այն է, որ այսօր գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն պետք է ունենանք նոր դպրոցներ»,- ասաց Փաշինյանը՝ թվարկելով այն դպրոցները, որոնց մասով որոշում է կայացվել նորոգել 1 տարվա ընթացքում:

Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց. «Գործող ցանկում ունենք 340 դպրոցներ, որոնցից 200-ը նոր կառուցվողներն են (45-ի կառուցումը՝ ավարտված), մնացած 140-ը նորոգվողներն են»: