10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատա...

Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին:

Այս մասին հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով հայկական կոնյակով բեռնված բեռնատարների խնդրին, որոնք սպասում են վրացական կողմում։ 

Խոջոյանը նշեց, որ խնդիրը սկսել է նշմարվել 2025 թվականի ապրիլից: Եվ այդ ժամանակից մինչև օրս հարցը ուշադրության կենտրոնում է: Փոխնախարարի խոսքով՝ գրեթե ամենժամյա կտրվածքով կապի մեջ են վերամշակող կազմակերպությունների, գործարարների հետ: 

«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 դեկլարացիա: 391 դեկլարացիա արտահանված է համարվում»,- ասաց փոխնախարարը՝ պարզաբանելով, որ սա նշանակում է, որ, օրինակ, եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։ 

Հունիսի 1-ից մինչ հունիսի 10-ը ներառյալ ՌԴ մաքսային մարմիններին հասել է 50 բեռնատար»,-ասաց Խոջոյանը: 

Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննություն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ 

Ակցիայի ընթացքում դեսպանությունում ընդունել էին արտադրողներից մի քանիսին՝ խոստանալով, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ժամանակահատվածում հանդես կգա հայտարարությամբ։ Սակայն մնալով անարձագանք՝ դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվել էին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։ 

Հունիսի 5–ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ 52 մեքենայի խնդիրն արդեն լուծվել է,  Վրաստանի իր գործընկերը հեռախոսազանգով խոստացել է, որ 72 մեքենաների հարցը ևս, որ Վրաստանում են, առաջիկա 5 օրում կլուծվի: