Մենք նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, որոշակի խնդիրների, այդ թվում ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք հասցնել դա անել, բայց անտառտնկման գործընթացի վերաբերյալ մենք նաև նոր ծրագրեր, նոր հնարավորություններ ենք ստեղծում, հանրության լայն շրջանակներին ներգրավելու այդ գործընթացում: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Ես ԱԺ-ի իմ ելույթում թվային հարթակի մասին խոսեցի, որը գործարկելու ենք առաջիկայում։ Երևի հունվարին այդ հարթակի մասին կխոսենք, ձեզ էլ կհրավիրենք, կներկայացնենք հարթակը: Անտառտնկման գործընթացը շատ ծավալուն է և շատ ծախսատար, և կարծում եմ՝ հարության ներգրավվածությունը այս իմաստով շատ կարևոր կլինի»,-ասաց նա:
Հարցին՝ 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը դեռ ուժի մե՞ջ է, թե թեման փակված է, Սիմիդյանը պատասխանեց. «10 միլիոն ծրագիրը պետք է տեղի ունենար 2020 թվականին, ներկայացչական օրը պետք է լիներ 2020 թվականի հոկտեմբերի 10-ը: Ես մի քանի անգամ եմ ասել, որ հայտնի իրադարձությունների արդյունքում ծրագիրը չի կայացել: Մենք 10 միլիոնի ծրագիրը շարունակում ենք մեր անտառտնկման գործընթացում, բայց առանձին այդ ծրագիրը իր նպատակին չծառայեց օբյեկտիվ պատճառներով:
Բայց ես ուզում եմ ասել, որ 10 միլիոն ծառեր և ավելի շատ ծառեր Հայաստանում պետք է տնկվի և ամեն ինչ անում ենք, որ այդ գործընթացը ավելի մեծ ծավալների հասցնենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէր 2020-ից հետո այդ ծրագիրը կյանքի կոչել, նախարարն արձագանքեց. «Դրանից հետո մենք, այսպես թե այնպես, դա իրականացնում ենք, այսինքն ծառեր տնկում ենք, անտառային տարածքները հիմնում ենք»: