10-ից 14 հազար. որ խմբերի թոշակները որքանով կ...

Հանրապետությունում անկանխիկ գործարքների միջոցով հետվճար ստացող թոշակառուների, նպաստառուների թիվը նկատելի աճում է։ Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ քաղաքացիները կարևորում են այս գործիքակազմը և օգտվում են իրենց կենսաթոշակը, նպաստը հետվճարի միջոցով բարձրացնելու հնարավորությունից։

«Պատկերն ավելի պարզ լինելու համար ներկայացնեմ վերջին 3 ամսվա ցուցանիշները։ Դեկտեմբեր ամսվա գործարքների գումարը հետվճարի տեսքով վերադարձվել է հունվարին։ Այդ ժամանակ 400 հազար մարդ օգտվել է այդ հնարավորությունից։ Փետրվարին 415 հազար շահառուի ենք հետվճար տրամադրել, և ահա մարտին արդեն կա 447 հազար շահառու։ Սա ուրախացնող ցուցանիշ է»,-ասաց Անահիտ Գալստյանը։

Կառավարությունը կենսաթոշակները բարձրացնելու 2 գործիք է սահմանել։ Մեկը հենց հետվճարին է վերաբերում, երբ քաղաքացին իր կատարած անկանխիկ գործարքների դիմաց ստանում է հետվճար 20 տոկոսի չափով՝ առավելագույնը 10 հազար դրամով։ Ի դեպ, եթե անկանխիկ գործարքները կատարվում է Arca քարտի միջոցով, ապա հետվճարի 20 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս։

Երկրորդ գործիքը, որը գործնականում կկիրառվի ապրիլի 1-ից, կենսաթոշակների ուղիղ ձևով բարձրացումն է։ Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 1-ից կենսաթոշակները հիմնականում բարձրանում են 10 հազար դրամով։ Կլինեն խմբեր, որոնց թոշակները ավելի կբարձրանան, կլինեն խմբեր, որոնց թոշակները 10 հազարից մի փոքր քիչ կբարձրանան։

«Շուրջ 460 հազար շահառուի կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով։ Մյուս դեպքում, օրինակ, երբ անձը ստանում է խորը աստիճանի սահմանափակումով կենսաթոշակ, այդ դեպքում կավելանա 14 հազար դրամով, իսկ ծանր աստիճանի սահմանափակման դեպքում 12 հազար դրամ։ Զինվորական կենսաթոշակի դեպքում հաշվարկման բանաձևն այլ է, և կապ ունի, թե ինչ պաշտոն է զբաղեցրել քաղաքացին, երբ անցել է կենսաթոշակի։ Ըստ այդմ էլ ավելացման չափը տարբեր կլինի»,-ասաց Անահիտ Գալստյանը։

Կենսաթոշակի բարձրացումը կապ չունի աշխատանքային ստաժի հետ։ Անահիտ Գալստյանն ընդգծեց՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքացին ունի 20 տարվա կամ 10 տարվա աշխատանքային ստաժ, միևնույնն է, կենսաթոշակի բարձրացումը կազմում է 10 հազար դրամ։

Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող ևս մեկ կարևոր փոփոխության մասին։ Այսուհետ կանխիկ վճարվող կենսաթոշակ չպետք է լինի։ Մինչ այդ, կանխիկով կենսաթոշակ ստացող քաղաքացիներին հնարավորություն էր տրվել ընտրել բանկ, որով կկարողանան ստանալ իրենց թոշակները։ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանը նշեց, որ այս ընթացքում ամեն ջանք գործադրվել է շահառու քաղաքացիներին տվյալ հարցով աջակցելու համար։

«Այն քաղաքացիները, որոնք չեն ընտրել իրենց նախընտրած բանկը, համակարգը դա արել է իրենց փոխարեն։ Եվ այն շահառուները, որոնք բանկ գնալու, պայմանագիր կնքելու, քարտերը ձեռք բերելու խնդիր կունենան, ապա մեր գործընկեր բանկերի հետ համագործակցությամբ գործընթացը կկազմակերպվի շահառուների տանը»,-ասաց Աննա Բեգլարյանը։

Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք կցանկանան համակարգի կողմից ընտրված բանկը փոխել, ապա ապրիլի 1-ից սկսած դա կարող են կատարել։

Աննա Բեգլարյանը վստահեցրեց, որ անհրաժեշտ ծրագրային կարգավորումները թեստավորման փուլում են և ապրիլի 1-ից կենսաթոշակառուներն իրենց գումարները կստանան արդեն բարձրացված չափերով։