1 տարին էլ է հերիք, կամ 1.5 տարին, թոող բոլոր...

Լավ կլիներ, որ բոլորի վրա տարածվեր 1,5 տարի ծառայելու որոշումը, կարծում եմ՝ մի տարին էլ է հերիք, կամ 1.5 տարի գոնե ծառայեն, խնդրում ենք, որ ընդառաջեն, և դա վերաբերվի բոլոր ծառայողներին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, ՊՆ–ի ցիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ծնողներից մեկը։

Դիտարկմանը, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճապազրույցում հայտարարել է, որ չեն պատրաստվում փոփոխություններ անել, քանի որ այդ որոշման հիմքում հաշվարկներ կան, նա ասաց. «Դե հիմա մի հատ էլ ենք փորձում, մի հատ էլ ենք խնդրում, որ երեխեքը պարապ թզբեխ խաղացնելու փոխարեն, իրենք արդեն պատրաստված են, տղամարդ են դարձել, գիտեն՝ ոնց պետք է պաշտպանել իրենց հայրենիքը, մյուսների նման նույն ժամանակին վերադառնան։ Կարծում եմ, մեր բանակին վնաս չի։

Հուսանք, որ լավ լուր կլինի մեր երեխաների համար, թող շուտ գան։ Ես կողմ եմ, որ գան, լավ մասնագետ դառնան, իրենց կյանքը սկսեն և ուրիշ ձևով ծառայեն ու մեր երկրին օգուտ տան։ Արդեն ինչ արել են՝ արել են։

Իրենց կամքն է, մենք պարտադրելու բան չունենք, օրենք է, որոշում է, խնդրում ենք ուղղակի վերանայել որոշումը»։

Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս հանգամանքը ծնողների շրջանում առաջացրել է արդարության եւ հավասարության հետ կապված լուրջ մտահոգություններ:

Նշենք, որ ծնողները այս պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց, նաև նամակներ էին հղել պատկան մարմիններին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ որևէ փոփոխություն չի լինելու, քանի որ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու որոշման հիմքում նհստակ հաշվարկներ կան։