Քրեական ոստիկանները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան: Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց Գյումրու բնակիչ 54-ամյա մի տղամարդ։
Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 100 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։



