Փաշինյանը կանխում է գեներալներին, որպեսզի իրե...

Նիկոլ Փաշինյանի կողմից հիբրիդային հեղաշրջման եզրույթի չարաշահումը իր խոսքում, թերեւս ունի մի քանի լուրջ պատճառներ։ Դրանք ինչպես ներքին վախերն են, այնպես էլ արտաքին ազդակները։ Փորձենք հասկանալ, թե ինչը կարող է դրդել, որպեսզի Հանրապետության վարչապետը չարաշահի այդ տերմինը, թերեւս չպատկերացնելով էլ, թե ինչ բովանդակություն ունի այն։ Նախ, ամենից էականը, կապված է իշխանությունը կորցնելու նրա վախերի հետ։

Փաշինյանն իհարկե հասկանում է, որ իշխանությունը կորցնելու դեպքում իր վիճակը չափազանց դժնդակ է դառնալու։ Ի վերջո այս տարի եւ կեսվա ընթացքում կատարածի պատասխանատվություն կա։

Փաշինյանը իշխանությունը կորցնելու երեք տարբերակ ունի, կամ արտահերթ ընտրություններ, որտեղ չի կարողանա հավաքել մեծամասնություն, կամ պառլամենտում իրեն անվստահության հայտնում եւ նոր վարչապետի ընտրություն, կամ էլ արդեն ուժայինների միջամտություն։

Հետաքրքրական է, որ արտահերթ կամ հերթական ընտրություններով իշխանությունը կորցնելու վախն այնքան էլ ուժգին չէ, եւ ուժգին չի լինի այնքան ժամանակ, քանի  զոմբիացված զանգվածը դեռ կա նրա կողքին, որքան էլ այդ զանգվածը առավել վիրտուալ լինի։

Պառլամենտում իհարկե, անհանգստանալու ավելի խորքային առիթներ կան, հատկապես, երբ հաճախակի են խոսվում իշխող խմբակցության հնարավոր պառակտման եւ այլնի մասին։ Սակայն գոնե մինչեւ այս պահը նրան դեռ հաջողվում է վերահսկելիության սահմաններում պահել իրադրությունը 88 հոգանոց խմբակցությունում։

Վտանգավորն ուժայիններն են։ Փաշինյանը հասկանում է, որ ուժայինները կարող են գործի անցնել այն պահից սկսած, երբ իրավիճակն այնքան լարվի, որ պետականության լինելիության հարցը դրվի օրակարգում։ Ուժայինները ի վերջո լավ են գիտակցում, որ երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն իրենք են։  Իրենք նաև լավագույնս են տեղեկացված երկրյն սպառնացող ներքին և արտաքին վտանգներին։ ՈՒժայինները նաև գերազանց գիտեն, թե որքան դժվարացնում է իրենց աշխատանքը Փաշինյանի անփորձենրի իշխանությունը։

Այս պատճառով է, թերեւս, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում է թուլացնել գեներալիտետին, «ականներ» տեղադրել այնտեղ, որպեսզի կանխի օրհասական պահին իրեն կանխելու ուժ եւ հնարավորություններ ունեցող գեներալների հնարավոր գործողությունները։