Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկա...

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հարևան որոշ երկրների մտավախություններին՝ կապված Հայաստանի կողմից արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ, դրանք հասկանալի  համարեց. այդ մտավախություններն, ըստ նրա, պետք է փարատվեն համապատասխան քայլերով։

Վահագն Խաչատուրյանը «Արմենպրես»-ի և «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի՝ հարաբերությունների դիվերսիֆիկացմանը միտված գործողությունները որևէ մեկի և ոչ մի հարևանի դեմ ուղղված չեն։

«Առաջին հերթին ուղղված են մեզ համար, մեր երկրի անվտանգությունը բարձրացնելուն, տնտեսական հզորությունը մեծացնելուն։ Նույն այդ անհանգստությունը, որ մենք պաշտպանական զենք-զինամթերք ենք գնում այլ երկրներից՝ որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որպեսզի մենք կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ։ Մենք տեսանք ինչ է կատարվում, երբ այդ հնարավորությունները չունենք։ Հիմա մենք զբաղված ենք դրանով և դա որևէ երկրի դեմ ուղղված չէ»,-ասաց ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի կարծիքով՝ հարևան երկրներն ավելի շատ պետք է գնահատեն Հայաստանի քայլերը, այդ թվում՝ նաև  դեպի արևմուտք ուղղված, որովհետև կարող են օգտվել այն հնարավորություններից, որոնք ՀՀ-ն ունի։

«Այդ հարցերում էլ մեր առաջարկությունը եղել է․ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և Եվրամիության հետ ունենք առանձնահատուկ հարաբերություններ՝ մեր այդ հնարավորություններից խնդրեմ օգտվեք»,-նշեց նախագահը՝ հավելելով, որ չնայած հրապարակային դրա մասին միգուցե չեն ասում, բայց ներկայում էլ այդ հնարավորությունից օգտվողներ կան, ինչը, չնայած շատ դեպքերում խնդիրներ է առաջացնում, բայց ՀՀ իշխանությունները պատրաստակամ են երկրի հնարավորություններն օգտագործելի դարձնել հարևանների համար։

«Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է նշանակում հարևան, նրա հետ հարևանություն, բարեկամություն անել և մեր այդ քայլերով խնդիրներ երբեք չենք առաջացնի»,-ընդհանրացրեց Վահագն Խաչատուրյանը։